Суббота, 16.05.2026, 06:01
Приветствую Вас Гость | RSS
 
Ամեն Ինչ Քեզ Համար
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
ԳՈՎԱԶԴ

ՄԵՆՅՈՒ

ՖԻԼՄԵ

ՆԿԱՐՆԵՐ

ՉԱՏ

ՀԱՐՑԵՐ
Գնահատեք Մեր Կայքը
Всего ответов: 39

ՍՏԱՏԻՍՏԻԿԱ
Statistik :
Online :
Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Users :

ՄՈՒՏՔ

...

...

...

Главная » Файлы » ՈՏԱՆԱՈՐՆԵՐ » Գևորգ Էմին

Գևորգ Էմին Ոտանաորներ
19.06.2012, 20:42

 

Խոսիր, Հայաստան
Խոսի՜ր, Հայաստան.
Դո´ւ, որ դարերի տանջանք ես տեսել
Եւ տարիների խնդություն միայն,
Ասա´ քո պատգամն ու խոսքը վսեմ
Աշխարհներին ու ազգերին համայն...

Տե´ս, աղավնի՜ն է
Թառել քո նորոգ հարկի ձեղունին,
Որին դարերով երազե՜լ ես դու...
Վստահի՜ր խոսել քո ժողովրդի´
Եւ քո´ անունից՝
Բանաստեղծ որդո՜ւդ...

Լսու՞մ ես,
Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում
Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել,
Որ ցանել են մեր նախնիները հայ՝
Դեռ Ուրարտույում,
Քրտինքո՜վ ջրած հո´ղն այս ժայռեղեն:

Սակայն նու´յն օրը,
Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին,
Գտել են նաև պղնձե նիզա´կ՝
Ի ցույց այն բանի´,
Որ ծնված օրից հայ սերմնացանը,
Սերմը՝ մի ձեռքին,
Մյուսով զե´նք է բռնել,
Որ ցանած արտը պաշտպանի...

Ոչ ոք չի՜ ասի՝
Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել,
Ոչ ոք չի՜ ասի՝
Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի...
Մի բուռ ցորե՜ն են
Կարմիր բլուրի հին բերդում պեղել,
Եւ մի բուռ հա՜յ է
Հասել Հարության այս առավոտին...

Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա,
Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա´կ.
Եւ այս,
Մեզ հասած մի բուռ ժողովո´ւրդն
Ու սե՜րմը վկա,---
Իր կորցրածը նա ե՜տ կստանա...

»»»

Քո աչքե՞րը._
Նրանց միջով,
Ուրախության զվարթ ճիչով,
Աշխա~րհ տեսան իմ աչքերը:
Քո ձեռքե՞րը._
Քո հպումից,
Ինչ կորա~ծ էր` գտա նորից,
Ճարտարացա~ն իմ ձեռքերը:

Քո խենթ սի՞րտը._
Նրա զարկով
Սիրտըս մաքրե~ց մի հրաշքով,
Ինչ դաժա’ն էր ու ինչ բի՛րտ էր…

Օրհներգու~մ եմ քո աչքե՛րը,
Օրհներգու~մ եմ քո ձեռքե՛րը
Եվ քո սի՛րտը:

»»»

Ագավա ծաղիկը
Ես զարմանալի~ մի ծաղիկ տեսա.
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Չգիտե՛մ, ե՞րգ, թե՞ գուշակում է սա.
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Այդ ծաղիկը ճիշ քո տարի՛քն ունի.
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Բայց դեռ չի~ ծաղկել ոչ մի գարունից.
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Մի անգա՛մ է նա,_ ասում են,_ ծաղկում.
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Ծաղկո՛ւմ ու… իսկույն մեռնո~ւմ է կյանքում,
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Ինձ այդ ծաղկի հետ ծանոթացրի~ն…
Ի~նչ նմանություն,
Կարծես դո՛ւ լինես……

Վախենո~ւմ եմ քո մրրիկից… լռին,
Ի՛նչ կպատահի, եթե դու … սիրե~ս:

»»»

Մահը մի՛շտ հիշիր
Մահը մի՛շտ հիշիր,
Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
Այլ,- որ իմանաս,-
Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել,
Եվ... ուրախանա՛ս.
Մահը մի՛շտ հիշիր,
Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
Անելի՛քը քո,
Այլ շտապելու՝
Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո...
Եվ մի՛ թրեւի
Անգործ ու անբան,
Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում.
Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա,
Նոփ-նոր դագաղում,-
Որ... Փոշի՜ դառնաս,
Եվ հիշվես միայն
Մահազդերի մե՛ջ,
Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ...
Մահը մի՛շտ հիշիր,
Որ հիշես՝ ինչո՛ւ
Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում...

»»»

ՀԱՅՐԵՆԱ ԾԱՂԻԿԸ
Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս,
Հայաստանից մի ծաղիկ է տարել.
Ջրել արցունքով՝ ամեն լացելիս
Եվ վերադարձի հույսով փայփաել.
Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած,
Ձգտում է դեպի երկինք ու արև.
Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած,
Նաել է դեպի երկիրն իր քարե.
Եվ ուղել է իր գլուխը տրտում,
Միայն հայրենի հողում քարքարոտ...
...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում
Եվ կոչվում ե նա... հայրենի կարոտ:

»»»

Պատուհանիս տակ
Պատուհանիս տակ անձրև է մաղում,
Իսկ ես չե՜մ հուզվում անձրևից արդեն.

Ծիածաննե՛ր են դեմից ծիծաղում,
Բայց չե՜ն հմայում նրանք ինձ արդեն.

Շուտով գուցե և արև՛ը ծագի,
Բայց ես դրանից չե՜մ ուրախանում.

Լի՞ օր է այսօր, տո՞ն, թե՞ կիրակի՝
Մե՜կ է ինձ համար, ես չե՜մ իմանում.

Ու՞մ համար եմ ես այս երգը … հինում,
Կա՞ մեկը, որին մա պե՛տք է գալու…

Մեր տան առաջ ճամփա՛ են շինում,
Իսկ ես… տեղ չունե՜մ արդեն գնալու:

»»»

Ձյու՜ն է գալիս
Ձյու՜ն է գալիս,
Եվ մի աղջիկ ,մայթում խավար,
Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս…

Ինչու՞ է նա այդպես լալի՜ս…
Ու մոլորված գնում-գալի՜ս,
Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.

Գուցե նրա հե՛րթն է գալիս
Զգալու՛, որ կյանքը, ավա՜ղ,
Հաճախ նաև… վի՜շտ է տալիս.

Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս ,
Դեգերո՜ւմ է մայթում խավար.

Եվ կարծում է հավանորեն,
Թե էլ չի՜ գա բախտը նորեն
Եվ…անցե՜լ է անդառնալի…

Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
Եվ զո՜ւր է նա այդպես լալիս…
Ձյու՜ն է գալիս...

»»»

Բարին լինե՛ր, չարը չգա՜ր…
Բայց թե լինես միայն մի բուռ,
Դու սի՜րտ լինես՝ չորս կողմը՝ քար,
Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
Աղո՛թք անես, թե խաչհամբո՛ւյր,
Չարի ձեռքից պրծում չկա՜…
Եվ, դեռ «գաթեք թոնիրն ի կա՜խ»՛
Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ,
Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,
Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
Զուռնեն չոլում ընկած մնա՜ց,
Դափը՝ գլոր- գլոր գնա՜ց,
Ինչ հայո՛ց էր, դարձավ վայո՜ց,
Գիրկն ու ծոցը՝ գերեզմանոց,
Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած,
Գերանդու տեղ բերդա՛ն գրկած,
Մեկ ապրելով, տաս մեռնելով,
Մեկ զարկելով, տաս զարկվելով,
Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր,
Դավթի ջաղացն ու իր քարեր,
Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան,
Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան,-
Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ,
Եվ ի՜նչ մնաց… մի Սաանաշեն,
Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ
Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ…

Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր,-
Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
Հեյ վա՜խ, Սասուն զուլա՜լ ջրեր,-
Դե՛, ձյու՛ն հալի, որ ջո՜ւր դառնա,
Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա…

»»»

ԶԳՈԻՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա´նք է տալիս հզոր,
Եւ քո Խոսքը հեռու տանում...

Թէ բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարհվեն քո դեմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել,
Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
Որ լեռնե´ր է քշում տանում...
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում:

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ,
Թէ բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկված,
Թե դաւով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած,
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում...
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,--

Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել,
Եւ... արքա´ է ամեն մի հայ.
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եւ... սպա է ամեն մի հայ.

Ամեն մի հայ լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ ուրոյն մի կերպ,
Ամեն մի հայ մի Հայաստան---
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եւ սակայն մի´,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին,
Եւ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում...

Զգո՜ւյշ գործիր Հայաստանում

»»»

ՄԵՆՔ
Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտակ.
Եթե նավ՝ ապա չոր ժայռի վրա,
Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն,
Եթե հող՝ապա քարացած ահից,
Եթե քար՝ապա ճչացող ցավից,
Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին,
Եզակի որակ՝առանց քանակի,
Քաջարի սպա՝ առանց բանակի,
Պաշտամունք՝հնի ու ավերակի...

Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Թե շիտակ նստած՝ծու՜ւռ խոսենք անգամ,---
Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,
Հյուր՝իր սեփական օջախ ու յարկում.
Գետ, որի լոկ մի ափին ենք նայում,
Լեռ, որ հեռվի´ց է միայն երևում,
Անժողովուրդ հո´ղ,
Անհող ժողովո´ւրդ
Եւ ցրված հուլունք, Որ չէր ժողովվում:

Մենք խո´ւլ ենք կիսով.
Ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում,
Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.
Մեր ականջներում
Հայոց պատմութեան քաո՜´սն է խշշում՝
Փնտռելով խոսքեր դառնալու հնար:

Մենք կա´ղ ենք կիսով,
Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
Սուրիո ավազին,
Փարիզի մայթին,
Նեղոսի ափին,...
Մեր մյուս ոտքը
Խրված է Մասիս լերան ձյունի մէջ,
Եւ մենք չե՜նք քայլում,
Մենք տեղ չե՜նք հասնում՝
Գծում ենք միայն
Մեր պանդխտության շրջագիծն անել՝
Մասիսի շո՜ւրջ ենք պտըտվում անվերջ...

Մենք կույր ենք կիսով.
Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
Եւ աղո՜տ ենք մենք տեսնում,
Անկատա´ր.
Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
Ստիպել են զենք բռնել մյուսով՝
Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:

Մենք հա´մր ենք կիսով.
Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
Մեր մտածածը չասելու համար,...

Որ չուրախանա´նք մեր ուրախությամբ,
Չհպարտանանք մեր հպարտությամբ
Ու... չսգանք մեր զոհերն անհամար:

Արայի պես ենք մենք սիրահարվում.
Մեզ թվում է միշտ,
Թե սիրով տարված՝մեր հողն ենք լքում
Եւ...վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

Կես ուղեղո´վ ենք աշխարհն ընկալում՝
Մթագնե՜լ է կեսն
Անեծքի՜ց,
Ցավի´ց...

Մենք կես,
Կես ենք մենք,
Չլինէինք կես՝
Հայ կը լինէինք,
Եւ ոչ թուրքահայ,
Կամ ֆրանսահայ.
Կամ Արաբահայ,
(Իսկ վաղն աստղահայ
Եւ կամ լուսնահայ...)

Կես ենք,
Երկճեղքված,
Կիսված,
Երկգագաթ
Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լերան նման...
Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,
Վկայ մեր կեսը մորթված Տէր Զորում
Եւ այն կեսը,
Որ ես եմ,
Դո´ւ և նա´,
Մենք կմիանանք
Մենք կամբողջանանք,
Կգտնենք մի օր
Լրիվ դառնալու հնար´ն անհրար:

Մենք փո՜քր ենք, այո´,
Փո´քր,
Լեռների ծերպից սուրացող այն քարի´ նման,
Որ դաշտում ընկած ժայռի ո´ւժն ունի.
Փո´քր,
Լեռնային մեր գետերի պէս,
Որոնք վիթխարի ո´ւժ են ամբարել,
Անծանո՜թ՝
Հովտի ծույլ-ծույլ գետերին:
Մենք փո՜քր ենք, այո,

Փո´քր ենք,
Բայց ինչպես գնդակը՝փողո´ւմ,
Ինչպես կաղնու սերմն՝արգավանդ հողում

Ոսկու մի հատի´կ,
Որ վերևի´ց է նայում
Կապարի ու թուջի քաշին.

Մենք փո՜քր ենք,
Սակայն համեմունք ենք մենք,...
Ա´ղն այն մի պտղունց,
Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի...

Մենք փո՜քր ենք, այո´,
Ձեզ ո՞վ էր ասում,
Մեզ սեղմե´ք այնքան,
Որ մենք ստիպված...ադամա՜նդ դառնանք.

Ո՞վ էր ստիպում՝
Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անէք,
Որ միշտ մե´զ տեսնէք՝
Ուր էլ որ գնաք...

Մենք փոքր ենք,
Սակայն մեր երկրի նման,
Որի սահմանը
Բյուրականից մինչ Լուսի´ն է հասնում,
Եւ Լուսավանից մինչև Ուրարտո´ւ...

Փո´քր,
Այն հրա՜շք ուրանի նման,
Որ դար ու դարեր
Փայլո՜ւմ է,
Շողո՜ւմ,
Սակայն չի՜ հատնում...

»»»

ԵՍ ՀԱՅ ԵՄ
Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Իմ մատների հետքն է կրում կողի վրա,
Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված,
Եվ միացած հողին շաղախով իմ արյան,
Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:

Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ
Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,
Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,
Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան,
Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,
Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար
Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել:

Категория: Գևորգ Էմին | Добавил: АдМиНиСтРаТоР
Просмотров: 1926 | Загрузок: 0 | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԳՈՎԱԶԴ

ԿԱՅՔԸ ԲԱՑՎԱԾ Է

ԺԱՄԱՑՈՒՅՑ

Մենք vk.ru - ՈՒՄ

ՕՆԼԱՅՆ ՀԱՇՎԻՉ

ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳՐԵՐ

ԻՆԵՏԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՅՔԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ


Ամեն Ինչ Քեզ Համար © 2026

Создать бесплатный сайт с uCoz