 ՑԱՎՈՏ ՍԵՐ
Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան, Լաց լինելու չափ դարձել եմ բարի, ՈՒզում եմ գրկել պատահած մանկան, Հեզ ականջ դնել դողդոջ ծերերին:
Հարցնել՝ ո՞ւր է հայրիկդ, բալիկ, Որտե՞ղ է որդիդ, իմ տխուր եղբայր, Ո՞ր օտար երկրում կռիվ է տալիս՝ Ձեզ ապրելու փող ղրկելու համար:
Թռչնահար կանանց՝ վաթսունին հակված, Որ դեռ ջանում են երևալ ջահել, Մոտենալ, ասել. "Ի՜նչ լավ ես հագված", Ասել մի քիչ սուտ, բայց մոգիչ բառեր:
Ասել կնոջն այս՝ դեռ սիրունատես, Պայուսակներով ծանր բեռնված, - Հերիք Դուբայի ճամփեքը չափես, Ինչ է թե տանը չմնան անհաց:
Դեսպանատան մոտ՝ շվար խմբերին Տրտում թախանձել՝ որդիս, մի' գնա. Ձախորդ օրերը, կասեր Ջիվանին, Կուգան ու կերթան, էսպես չի մնա:
Որդուն կորցրած մորը տեսնելիս ՈՒզում եմ չոքել, մրմնջալ "Մեղա՜". Աղետի գոտու տարապյալներից Ես եմ ամաչում ուրիշի տեղակ:
ՈՒզում եմ փարվել մայր հողին, մարդկանց, Չգիտեմ ինչո՞ւ՝ չչնջալ "ների՜ր"... Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան, Լաց լինելու չափ դարձել եմ բարի...
»»»
Սիրո երգ
Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ, Ինչու է ձմեռն այսքան գարուն, Ձմռան արեվը այսքան այրում, Անխոս երկինքը այսքան անհուն, Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ, Հապա ինչու են ձեր փողոցում Այդքան սիրով ինձ ճամփա բացում Անցորդներ , տներ,մայթեր ու ձյուն, Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ:
Ու թե չենք սիրում մենք իրարու, Ինչու են աստղերն այսքան անթիվ , Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ, Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ , Եթե չենք սիրում մենք իրարու:
»»»
Առաջին համբույր
Այս իրիկուն ես ուշ դարձա, ուշ դարձա տուն, Ես դարձա տուն այսօր շիկնած ու ահադեմ. Թվաց բոլորը փողոցում ինձ են նայում Եվ իմ մասին արդեն դիտեն, արդեն գիտեն:
Այս իրիկուն ես ուշ դարձա, ուշ դարձա տուն Ես դարձա տուն , եվ տխուր էր սիրտս տխուր, Թվաց անդարձ կորցրել եմ գանձ մի անհուն, Եվ իմ աչքին ափսոսանքի արցունք կար լուռ:
Ես տուն դարձա ու հոգուս մեջ ահ կար թաքուն, Դռների մոտ մայրս, մայրս ելավ իմ դեմ. Նրա աչքերում ես փնտրեցի կասկած ու քեն, Եվ նախատիք ես փնտրեցի նրա աչքերում:
Բայց, ոչ, այնտեղ նույն գորովն էր , նույն սերը հեզ Նայում էր նա այնպես խաղաղ ու անսքող. -Ախ, մի նայիր ինձ ալյեվս մանկան որպես, Մայր փոխվել է , փոխվել է արդեն աղջիկը քո:
»»»
Երգ Երգոց
Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում , Միայն չտվեց երջանիկ մի սեր. Չտվեց , որ ես հոգով անդադրում Դեռ տենչամ, փնտրեմ, չգտնեմ ես դեռ,- Չտվեց, որ միշտ ազնիվ մի կարոտ Մեղեդու նման թրթռա իմ մեջ, Որ ինձ հետ զարթնի ամեն առավոտ Ինչ որ մի տագնապ , անհասի մի տենչ,- Որ մենակ լուսնի տեսքից հառաչեմ , Կանչող ծառերի լեզուն հասկանամ , Որ թաղծոտ երգը օդի պես շնչեմ, Որ Վերթերի հետ տառապեմ ու լամ .- Որ իմ մեջ առնեմ աշխարհն անհագուրդ Ու տամ աշխարհում սիրտ հոգի ու գանձ, Ապրեմ իմ այս խենթ վատնումով հարուստ, Իմ կորուստներով ՝ ահսահման գտած, Չտվեց , որ ես միայն չլցվեմ Խուլ երջանկությամբ՝ անընտել ցավին, Չլացող աչքի արցունքը տեսնեմ, Լսեմ խոսքը ՝չասված տակավին, Որ բյուր քույրերիս խռովքն անհատում Զգամ իմ արյամբ, էությամբ իմ ողջ, Որ մի էջ՝հայոց երգի մատյանում Լցվի հավերժող հառաչով կնոջ:
»»»
Թափառում ենք փողոցներում Ես քո սիրով , դու՝ ուրիշի, Այրվում ենք մենք հրդեհներում՝ Ես քո հրով դու՝ ուրիշի:
Կարոտում ենք, խնդում, տխրում՝ Ես քո խոսքավ դու ուրիշի, Սուզվում քաղցր երազներում՝ Ես քո տեսքով, դու ուրիշի:
Էհ ինչ արած, բախտը խռով, Թող աշխարհում մեզ չհիշի, Միայն ապրենք մենք սիրելով՝ Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…
»»»
ՍԵՐ
Այսօր առավոտ նայեցիր դու ինձ Այնպես մտերիմ, այնպես տնօրյա Մի շղարշ հայացք քո լուրջ աչքերից Հյուսվեց դեպի ինձ, փռվեց ինձ վրա:
Եվ առավոտից թափառու եմ ես Պարուրված քո այդ հայացքով նիրհուն Դու երկնքի պես գալիս ես ինձ հետ, Դու երկնքի պես մնում ես հեռվում:
Վաղուց կարոտած մեղեդու նման Ծանոթ մի թախիծ իմ սիրտն է լցվել, Արցունքներ, գանձեր իմ պատանության Դուք կաք, դուք եկաք, դուք չեք սպառվել:
»»»
ԴԵՌ ՀԱՎԱՏԱ՜
Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,, Ինչքան էլ որ խոր մոլորվես, Երկրպագես կուռքերին սուտ, Ես մոր նման ներում եմ քեզ:
Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ, Դու՝ իմաստուն Սասնա Մհեր, Թեկուզ եվ ծեր ու ալեհեր, Բայց մնում ես դու միամիտ:
Հավատացիր, թե հիրավի Գարին դարձավ ընկուզաչափ, Ու դուրս եկար քարանձաւվից Ու խաբվեցիր դու չարաչար:
Այնքան դառն է կյանքդ ու գորշ, Ու գալիքդ իրականում, Որ փակում ես աչքդ ու քո Խաբկանքին ես ապավինում:
Ու տեսնում ես ամեն ի´նչ վառ, Թև ես առնում չեղած տեղից, Նորոգվում ես բնազդաբար Ու հառնում ես մոխիրներից:
Քո խաբվելն է քեզ պահպանում, Ու հին խոսքդ՝ «Աստված կտա». Դու՝ միֆերով ապրող մանուկ, Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜...
»»»
ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ
Ուղեկիցս ծերունի էր մի բարեդեմ. Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն. Երբ իմացավ հայ եմ՝ դեմքի բարին արդեն Դարձավ մի տաք երջանկություն: Այնուհետեւ Մոսկվայից մինչ Երեվան Նա խոսում էր, ապա լսում, լսում սիրով՝ Շաբաթներով ջրի կարոտ մարդու նման Հայերենը ըմբոշխնելով:
Ոսկերիչ էր: Ադանացի: Ալիքները նրան Փարիզ էին նետել: Ապրում է լա´վ: Ոսկերիչի ոսկի՜ ձեռքեր, Ուր էլ լինեն՝ չեն ծանգոտի: Բայց ի՞նչ օգուտ,--- ծերը նայում է թոռներին, Ու ձայնի մեջ կարծես թե ծուխ է խտանում, Խորթանո՜ւմ են զաւակները, ձեռքից գնում, Թառամում է հայրենի բառը շուրթերին--- Ինքը ծեր է , ոտքի մեկը՝ գերեզմանում, Դե´հ, այսօր կայ, վաղը չկա... Իրենից ետ, ո՜վ իմանա, Պիտի հիշե՞ն հայրենիքը ու հարենին... Դրա համար հավաքել է ուժերը ողջ Ու թոռներին Հայաստան է բերել այցի. Տեսնեն թսղ գեթ, ու ճանաչեն, ու թող զգա՜ն, Ու հող ունեն ու ժողովուրդ, լեզու ու տոհմ, Եւ հոգու մեջ, գեթ մի կանթե՜ղ պահեն դարձի...
Ինքնաթիռը խրվեց գիրկը Հահաստանի, Խառնվեցին ամպ ու Սեվան. Հետո՜, հետո՜ Մեր նրբազգաց երկինքն ահա Ամպի ճերմակ վարագույրը քաշեց մի կողմ, Որ Երեւանը երեւա´... Ծերուկն էլ չէր խոսում ինձ հետ: Շփոթահար՝ Մեկ թոռներին մոտն էր տանում ու մեկ՝ թողնում,, Մեկ խոսակցում էր նրանց հետ, մեկ՝ մոռանում, Եւ ինքնասույզ՝ պատուհանին գամվում նորից: Իսկ թոռները, պատանեկան մի աշխույժով Այս ու այն կողմ էին վազում զվարթաձայն, Մեկ աջ, մեկ ձախ պատուհանին կպչում ուժով, Ֆրանսերեն կանչում իրար ու ցույց տալիս,--- «Օ‘՜, Աղաղատ... Օ՜, Եղեւան...». Ֆրանսերե՜ն. Դո´ւ Հյուգոյի հրեղեն խոսք, Ու Վեռլենյան մարմանդ անձրեւ, Հնար լիներ, կնստեի՝ առավոտից մինչ երեկո, Կլսեի՜, դյութվածի պես, քաղցրահնչյուն բառերը քո, Որպես շղարշ երաժշտություն, որպես Ռավե՜լ... Ֆրանսերե՜ն. Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերից Քո բառերը այսպես խորունկ խոցում են ինձ, Եւ այլափոխ արտաբերումը Աղաղատ Թվում է ինձ գերյալ սարից մի աղաղակ, Մի խոր, մի նոր տագնապի կա՜նչ՝ գերյալ սարից, Ախ, այս անգամ առեվանգված քեզնով արդեն...
Վարում արդեն Երեւանն էր՝ Շառագունած արեգակից եւ իր քարից, Երազի մէջ երեվացող քաղաքի պես Անիրական եւ իրական... Եւ իջնում էր ինքնաթիռը, իջնում էր ցած՝ Կարոտած ու տագնապալից, Զույգ վիթպարի թեւը բացած՝ Պատրաստվելով իջնել, դիպչել, փարվե՜լ հողին... Իսկ ծերունի՜ն, Նա թոռներին ամուր գրկած, Դեռ պլլված պատուհանին՝ Վա՜ր էր նայում լացակալած իր հայացքով, Հայացք չէր դա, այլ պաղատանք, կանչ ու մրմո՜ւնջ, Բոբիկ եկած ուխտավորի հույս ու աղոթք, Այլեւ պահա´նջ, Այլեւ բողո´ք, Հո´ղ հայրենի, Դու՝ Արշակի կերկեր լեզուն զորացնող շո՜ւնչ, Փռվի´ր, փռվի՜ր ոտքերի տակ այս հեգ մանկանց, Ու թող հանկարծ, Ավանդական նույն հրաշքո՜վ մեր հայրերի, Քեզ դիպչելով՝ խոսե´ն նրանց շուրթերը մունջ Հայերենով մի արքենի, Հո´ղ հայրենի...
»»»
Այն ո՞վ է ասում
Այն ո՞վ է ասում Որ Արարատը ձերն է ու ձերը. Անհեթեթ պատրա՜նք. Քարտեզն է ձերը, Քարտեզի վրա չափած-գծա՜ծը, Իսկ ինքը՝ լե´ռը... Նրա ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են առնում, Նրա պարուրող մշուշն ու ամպը Մեր ընկալմա՜մբ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում. Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատը Մեր արյան կարմիր գնդիկների´ն են կենսահյութ տանում: Մոխի´րն է ձերը, Սարը բաղադրող կոշկոռը քարե. Մեզ համար գործող հրաբուխ է նա, Խառնարա՜ն ոգու, Որ դար ու դարեր Մեր ընդվզումի կրակն է ժայթքում Եվ բորբոքում մեր ցասու՜մը կենաց: Սառու՜յցն է ձերը, Սառը, անհաղորդ սառույցը դեղնած, Իսկ մեզ՝ բյուրավոր արեգակների Ներուժությու՜նն է անդուլ ճառագում նրա կողերից, Որ տաքացնում է մի որջ հողագունդ_ Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները: Օ՜, սուրբ առասպել Արա արքայի, Մեր էությունը ցոլացնող պատում, Մեր փնտրումի գյու՜տ,_ Որ երեսուն դար ու դեռ ավելին Սոսկ հոլովեցին ու չհասկացան Բոլոր հին ու նոր Շամիրամները,_ Մարմի´նն է ձեը Արա արքաի-Արարատ լեռան, Սպանված, մեռած մարմի՜նը միայն, Որը չե´ն կարող, չե´ն կենդանացնի ձեր այլաբարբառ հարալեզները... Մեը՝ հոգի´ն է. Սերնդ է-սերունդ անշեջ թևածնող, Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող, Որ չես սպանի զենքով ու դիրքով, Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի Մերը՝ հոգի´ն է....
»»»
ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ
Այս գարնան հետ, այս ծաղկունքի, Այս թռչնակի, այս առվակի, Հետն այս երգի ու զարթոնքի Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի: ՈՒ թոթովեց բառ մի անգին Հայկյան լեզվից մեր սրբազան, Ասես մասունք հաղորդության Դիպավ մանկանս շրթունքին... - Լսի'ր, որդիս, պատգամ որպես Սիրող քո մոր խո՜սքը սրտանց, Այսօրվանից հանձնում եմ քեզ Հայոց լեզո՜ւն հազարագանձ: Կտրել է նա, հանց աստղալույս, Երկինքները ժամանակի, Շառաչել է խռովահույզ Սլացքի հետ հայկյան նետի, ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով Դարձել է գիր ու մագաղաթ, Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ, Պահել երթը մեր անաղարտ... Նրանո'վ է մրմրնջացել Հայ պանդուխտը վերքն իր սրտի, Նրանո'վ է որորտացել Կռվի երգն իմ ժողովրդի, Նրանո'վ է մայրս ջահել Ինձ օրորոց դրել մի օր, Հիմա եկել, քե՜զ է հասել Նրա կարկաչը դարավոր... Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն, Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն, Թող մանկանա' քո շուրթերին Մեր ալեհե՜ր հայոց լեզուն... Պահի'ր նրան բարձր ու վճիտ, Արարատի սուրբ ձյունի պես, Պահի'ր նրան սրտիդ մոտիկ, Քո պապերի աճյունի պես, ՈՒ ոսոխի զարկիցը սև Դու պաշտպանի'ր կրծքով նրան, Ինչպես մո՜րդ կպաշտպանես, Թե սո'ւր քաշեն մորդ վրան, ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես, Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս, Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես, Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:
|