 Հեռու ես, անհաս, իմ լուսե երազ... Հեռու ես, անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն, Փռված է լուսըդ շուրջըս և վրաս, Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում,
Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ,- Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, Հրամայել եմ, որ վրաս իշխես:
Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, Քո չարությունը բարիք համարել,- Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սերին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել
»»»
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ` Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր....
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված` քեզ օտար եմ ես, Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ` Եվ սիրում եմ քեզ և քեզ չգիտեմ:
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր, Քո հոգու վրա կա մի վարագույր,- Ով ես դու, ով ես,- բնավ չգիտեմ......
»»»
Իմ խաղաղ երեկոն է հիմա Մեղմալույս և տխուր և անուշ Քեզ երբեք սիրտս չի մոռանա, Իմ մաքուր, առաջին իմ անուրջ...
Տարիներ, տարիներ կըսահեն, Կըմեռնեն երազները բոլեր- Քո պատկերը անկեխծ կըպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր:
Եվ տանջանք, և բեկում, և թախիծ- Սև օրեր ես դեռ ծատ կտեսնեմ, Անունըդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի և դառը մահու դեմ .....
»»»
ՑՆՈՐՔ Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր, Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն. Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր, Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ, Որպես լուսնյակի ժպիտը տխուր. Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.— Նա մոտենում էր որպես քաղցր քույր...
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ, Իմ լքված սրտի լուսե հանգրվան, Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար, Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...
»»»
ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ Դու անհոգ նայեցիր իմ վրա Ու անցար քո խաղով կանացի. Ես քեզնից դաոնացած հեռացա, Ես քեզնից հեռացա ու լացի... Ւմ հոգին ծովերում անծանոթ — Մենավոր ու մոլոր մի նավակ, Մատնեցի փոթորկին աղմկոտ, Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ... Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում, Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան. Միայն հողմն է տխուր շառաչում, Անթափանց մեգ-մշուշ է միայն...
»»»
ՀՐԱԺԵՇՏ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Լուռ ու տխուր, Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ, Անժամանակ Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Սրտակըտուր Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում, Բայց իմ սրտում Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
»»»
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ Լույսն էր մեռնում, օրը մթնում. Մութը տնից տուն էր մտնում. Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես Իր լույս երգով ժպտում էր մեզ. Դու մոտեցար մեղմ, համրաքայլ, Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման, Հայտնվեցիր պայծառ-անձայն. Անջատվեցինք համր ու հանդարտ, Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...
»»»
ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև՜… Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ Անհանգստություն… Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում, Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր, Ինչու՞ ես հիշում. Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար Կյանքի մշուշում… Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում- Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս… Իմ հոգու համար չըկա արշալույս. Անձրև՜ է, աշու՜ն…
»»»
ՄԻԱՅՆՈԻԹՅՈԻՆ
Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.— Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։
Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում, Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։
Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, — Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։
Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ
Անցե՛ք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ մոռացված էջ , Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ հոգու մեջ։
|